Ամպեր Ամպեր Ամպեր Ամպեր Ամպեր

Այգու կանոնները

Այգու Գլխավոր և Մարշալ Բաղրամյան մետրոյի հարակից դռները բաց են ամեն օր ժամը 06:00-ից 02:00-ն (01.12-ից 31.03-ը, ժամը 07:00-ից մինչև 01:00-ը), իսկ Դեմիրճյան մուտքի և Պռոշյան նրբանցքի կողմի դռները բաց են ամեն օր ժամը 07:00-ից մինչև 19:00-ն։

Ուշադրություն

Պողոսյան պարտեզները, որպես Պողոսյան հիմնադրամի ծրագիր, որի շրջանակներում իրականացվում է Երևանի Սիրահարների այգու շահագործումն ու զարգացումը, ստորև թվարկված կանոնների շարադրմամբ Ձեզ տեղեկացնում է Այգու տարածքում Ձեր իրավունքների և պարտականությունների մասին: Մուտք գործելով Այգու տարածք` դուք համաձայնում եք այս Կանոններին և Ձեզ վրա կտարածվեն դրանցից բխող իրավական հետևանքները:Սույն կանոնները խախտող անձինք (իսկ երեխաների և կենդանիների դեպքում նրանց ուղեկիցները) կենթարկվեն պատասխանատվության՝ Հայաստանի Հանրապետության վարչական, քաղաքացիական և քրեական օրենսդրությանը համապատասխան:

Երևանի Սիրահարների այգու տարածքում գործող կանոններ

Արգելվում է լողալ Այգու տարածքում գտնվող ջրավազանում:

Ջրավազանները և ջրային տարածքները լողալու համար նախատեսված չեն և պարունակում են քիմիական նյութեր, որոնք վնասակար են մարդու և կենդանիների առողջության համար:

Արգելվում է մագլցել ջրվեժների, քարե հորինվածքների, ծառերի և բլուրների վրա:

Այգու տարածքում գտնվող ջրվեժները, քարե հորինվածքները և բլուրները դեկորատիվ նշանակություն ունեն: Դրանք կարող են հեշտությամբ վնասվել և վնասել Ձեզ և Ձեր երեխային և/կամ կենդանուն:

Արգելվում է աղտոտել Այգու տարածքը:

  • Այգու տարբեր մասերում տեղադրված են առանձին՝ ապակե, թղթե, պոլիէթիլենային (պլաստիկ), ալյումինե տարաների տեսակավորման համար նախատեսված հատուկ աղբամաններ հետագա վերամշակման համար: Խնդրում ենք, աղբը նետելիս, զատել այն՝ ըստ համապատասխան աղբամանների:
  • Մի շարք սննդի տեսակների` մասնավորապես արևածաղկի և այլ նմանատիպ աղանդերի օգտագործումը, քանի որ դրանք, անկախ Ձեր կամքից, աղտոտում են Այգու տարածքը:
  • Ակնկալում ենք Ձեր անմիջական մասնակցությունը շրջակա միջավայրի և Այգու մաքրության պահպանության գործում։

Արգելվում է վնասել Այգու գույքը:

  • Խնդրում ենք խնամքով վերաբերել Այգու տարածքում գտնվող գույքին: Այգու գույքին պատճառված վնասը ենթակա է փոխհատուցման` Այգու Տնօրինության կողմից սահմանված գնացուցակի շուկայական արժեքներին համապատասխան:
  • Այգու ողջ տարածքը ազատ է քայլելու և հանգստանալու համար: Հաշվի առնելով Այգու պահպանման տեխնոլոգիական միջոցառումները, ինչպես նաև եղանակային և այլ հանգամանքները` կարող են ստեղծվել զբոսանքի համար ոչ նպատակահարմար, ժամանակավորապես արգելափակված տարածքներ:
  • Խնդրում ենք հարգել նշված գործողությունները և ենթարկվել մուտքն արգելափակող ցուցանակներին:

Արգելվում է կենդանիների մուտքը Այգու տարածք:

  • Այգու շահագործման առաջին տարվա ընթացքը ցույց է տվել, որ նույնիսկ վզկապով ու դնչկալով կենդանիները զգալի վնաս են հասցնում Այգուն և խանգարում մյուս այցելուների հանգիստը:
  • Ձեր կենդանու կողմից այլ անձանց առողջական վնաս պատճառելը քրեորեն պատժելի արարք է, և նման դեպքերում Այգու աշխատակիցները իրավասու են դիմել իրավապահ մարմիններին:

Ծխախոտի ծխից ազատ գոտի:

  • Այգու տարածքում կան ծխախոտի ծխից ազատ գոտիներ: Դրանք են՝ հանրային զուգարանը և մանկական խաղահրապարակը: Վերջինս հանդիսանում է Երևանի առաջին բացօթյան մանկական խաղահրապարակը, որը կոչվում է “Ուրախ խաղահրապարակ, որտեղ չեն ծխում”, որտեղ ծխելն արգելվում է։
  • Մենք հարգում ենք ծխողների իրավունքներն ու խնդրում նրանց՝ հարգել չծխողների իրավունքը և Այգու նշված բացօթյա ծխից ազատ գոտում չծխել:

Արգելվում է

Այգու տարածք մուտք գործել հեծանվով
կամ այլ անվային շարժական միջոցներով, քանի որ կան բլրակներ, ոչ հարթ ու քարքարոտ ճանապարհներ, որոնք դժվարեցնում են Այգում անվային շարժական միջոցների շարժը և խանգարում են Այգու այցելուների ազատ տեղաշարժին և հանգստին: Այգում անվային շարժական միջոցներից հնարավոր է վարել մանկական սայլակներ, քանի որ դրանք գտնվում են ծնողների ուշադրության և անմիջական հսկողության ներքո, ինչպես նաև սակավաշարժության խնդիրներ ունեցող այցելուների համար նախատեսված սայլակներ։

Արգելվում է գնդակով խաղալը,

քանի որ Այգու ոչ բոլոր տարածքներն են հարթ, իսկ ճեմուղիները նեղլիկ են և գնդակ խաղալու համար նախատեսված չեն: Փետրագնդակ (բադմինտոն) խաղալն Այգում արգելված չէ, եթե այն խաղում են ոչ խոտածածկ տարածքներում:

Արգելվում է

ցանկացած տեսակի ճայթուցիկների կամ այլ պայթուցիկ նյութերի օգտագործումը Այգու տարածքում:

Արգելվում է

ցանկացած շահույթ հետապնդող գործունեություն իրականացնել այգու տարածքում։ Առանց թույլտվության նկարահանումներ իրականացնելը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Դուք հանդիսանում եք զանգվածային լրատվամիջոցներից մեկի ներկայացուցիչ և ունեք այդ մասին վկայող փաստաթուղթ: Այդ դեպքում, այգու անվտանգության աշխատակցին մոտենալով, Դուք կարող եք լրացնել մամուլի ներկայացուցիչների համար նախատեսված հայտը՝ հավաստելով, որ նկարահանումը շահույթ հետապնդող չէ, որից հետո կկարողանաք իրականացնել նախատեսված նկարահանումը: Այգում չեն արգելվում նաև սիրողական և հարսանեկան նկարահանումները:

Այգու տնօրինությունը պատասխանատվություն չի կրում.

Այգու տարածքում անձնական իրերի կորստի կամ վնասի համար:
Այցելուների և նրանց երեխաների անվտանգության համար: Երեխաների անվտանգ և ապահով ժամանցի ապահովումը ծնողի (ուղեկցողի) պարտականությունն է։
Այգու տարածքում գտնվող ջրավազանում լողալու կամ ջրվեժների, քարե հորինվածքների, ծառերի և բլուրների վրա մագլցելու հետևանքով առողջությանը պատճառված վնասի դեպքում:
Այգու անվտանգության կամ մյուս աշխատակիցները կարող են օգնություն տրամադրել որևէ մեկին, սակայն դա իրենց անձնական նախաձեռնությունն է, որի համար Տնօրինությունը պատասխանատվություն չի կրում:
Այցելուների կողմից իրեն կամ երրորդ անձանց պատճառած վնասի համար, եթե այն տեղի չի ունեցել Այգու աշխատակիցների կամ Տնօրինության անմիջական մեղքով:

Այգու տարածքում Ձեր հանգիստն անցկացնելիս՝ խնդրում ենք հաշվի առնել այլ անձանց իրավունքները և ցանկությունները, ինչպես նաև հասարակական կարգի պահպանության կանոնները:

Այգու տարածքում հասարակական հանգստից բացի այլ տեսակի ցանկացած գործունեություն իրականացնելու համար (այդ թվում` տեսա և լուսանկարահանումներ, ձայնագրումներ, խմբային հավաքներ և այլն) անհրաժեշտ է ունենալ Այգու Տնօրինության գրավոր համաձայնությունը: Պայմաններին կարող եք ծանոթանալ մեր կայքում կամ դիմել Տնօրինությանը:

Բոլոր կանոնները տարածվում են նաև Այգու աշխատակիցների վրա: Այգու աշխատակիցները Այգու Տնօրինության լիազորված ներկայացուցիչներն են և իրավասու են հետևել Այգու տարածքում կանոնների պահպանությանը, իսկ խախտում նկատելու դեպքում, կատարել համապատասխան նկատողություններ և գործողություններ` այդ թվում դիմել Այգու անվտանգության աշխատակիցներին և/կամ իրավապահ մարմիններին:Այգու որոշակի հատվածներ մշտապես տեսահսկվում են՝ ծառայության որակը բարելավելու նպատակով։

Ակնկալում ենք Ձեր համագործակցությունը և խնդրում ենք պահպանել նշված կանոնները, քանի որ դրանք նախ և առաջ ուղղված են Ձեր հանգստի ապահովմանը: