Հաճախ Տրվող Հարցեր
Ինչո՞ւ է շների մուտքն արգելված:
Այգու շահագործման առաջին իսկ տարվա ընթացքում խնդիրներ են առաջացել տերերի կողմից ընտանի կենդանիների, մասնավորապես՝ շների արտաթորանքի չմաքրման պատճառով։ Ցավոք, մեզ մոտ դեռևս չկա այն մշակույթը, երբ կենդանու ուղեկցողը մաքրում է ընտանի կենդանու արտաթորանքը։ Նշենք նաև, որ առաջիկա տարիներին այդ ուղղությամբ մի շարք գործողություներ են նախատեսված։ Ավելացնենք նաև, որ նույնիսկ վզկապով ու դնչկալով կենդանիները զգալի վնաս են հասցնում այգուն և խանգարում մյուս այցելուների հանգիստը: Հիշեցնենք, որ Ձեր կենդանու կողմից այլ անձանց առողջական վնաս պատճառելը քրեորեն պատժելի արարք է, և նման դեպքերում այգու աշխատակիցները իրավասու են դիմել իրավապահ մարմիններին:
Ինչո՞ւ է արգելված մտնել ջրային տարածքներ:
Ջրավազանը և ջրային տարածքները լողալու համար նախատեսված չեն և պարունակում են քիմիական նյութեր, որոնք վնասակար են մարդու և կենդանիների առողջության համար: Այգու տարածքում արգելվում է նաև մագլցել ջրվեժների, քարե հորինվածքների, ծառերի և բլուրների վրա: Դրանք ունեն դեկորատիվ նշանակություն և նախատեսված չեն մարդու, նույնիսկ երեխայի կամ կենդանու, ծանրության համար: Դրանք կարող են հեշտությամբ վնասվել ու վնասել Ձեզ և Ձեր երեխային և/կամ կենդանուն:
Ինչո՞ւ են մանկական խաղահրապարակի շրջակա խոտածածկ տարածքները փակ:
Այգում կանաչ սիզամարգն առանց բացառության փակ է բոլորի համար՝ լինի դա մանկական խաղահրապարակի շրջակա տարածքը, թե այգու մյուս հատվածները (տե՛ս հարց 1)։
Ինչո՞ւ են խոտածածկ տարածքները փակ:
Մենք տեղյակ ենք, որ մեր այցելուները ցանկանում են քայլել կամ նստել խոտածածկ տարածքների՝ սիզամարգերի վրա, սակայն, ցավոք, դա դեռևս հնարավոր չէ: Այգու կանաչ սիզամարգը պահանջում է շատ մեծ խնամք և բարձր խոնավություն: Շոգ օրերի (ապրիլ- հոկտեմբեր) ընթացքում սեզն ամբողջությամբ ջրազրկվում է օդի անհամեմատ ցածր խոնավության պատճառով և, քայլելով կամ նստելով դրա վրա, այն վնասվում է: Վնասված սիզամարգերը վերականգնելու համար անհրաժեշտ են հավելյալ ռեսուրսներ և ժամանակ: Առաջիկայում դեռևս սիզամարգը փակ է լինելու, հետո, երբ այգու ծառերը կլինեն բավական սաղարթախիտ, և այգու սեզը կզրկվի արևի անմիջական ճառագայթներից, այգու միայն ծառազուրկ շուրջ չորս հատվածներում կլինեն սիզամարգեր, իսկ մնացած խոտածածկ տարածքները բաց կլինեն բոլորի համար: